Գրականություն 8

Դրվագներ Չարենցի կյանքից

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մեծատաղանդ բանաստեղծ Եղիշե Չարենցին առաջին անգամ ես տեսա
Վենետիկում, 1924 թվականին: Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա
ճանապարհորդելու: Ինձ մոտ եկավ նա Հռոմից: Առաջին տպավորությունը, որ ստացա
նրանից, փայլուն չէր: Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով:
Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում, և մենք շատ և շատ խորին կերպով
բարեկամացանք, մտերմացանք: Ամբողջ օրը միասին էինք: Առավոտը կանուխ գալիս էր
հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը: Թափառում էինք հրաշալի
Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք
Մխիթարյանների վանքը՝ սուրբ Ղազար: Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին —
գիտության, գրականության, փիլիսոփայության, ռևոլյուցիայի, բոլոր այն մեծ
խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց:
Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ
ամենագեղեցիկ հրապարակի՝ սուրբ Մարկոսի հրապարակի վրա: Մի կողմը սուրբ
Մարկոսի սքանչելի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են, սրճարաններ՝
բոլորն էլ մարմարակերտ պալատներ: Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք սուրբ
Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում: Սուրբ Մարկոսի հրապարակը
լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր,
տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում էր նրանց: Հրապարակում
ծախում են հունդեր, սիսեռներ՝ կերակրելու համար աղավնիներին: Հասարակությունը,
մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում
սիսեռներ բռնած: Աղավնիները գալիս նստում են, կտցահարելու համար, և ուսերի վրա,
և գլխարկների վրա: Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք սուրբ Մարկոսի հրապարակի
վրա՝ աղավնիների հետ միասին: Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին
երեք-չորս աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ:
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝
անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները
գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր: Արդեն ես նրան ճանաչում էի նախքան
նրա հետ ծանոթանալը: Ես կարդացել էի (Վենետիկի վանքը ստանում էր հայկական
ամեն մի հրատարակություն, ուր էլ որ լինի) Չարենցի երկհատորյակը, որ տպված էր
Մոսկվայում, 1922 թվականին: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա
«Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք
բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ
խորքով, «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության,
բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի
բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից: Դա եզակի,
աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային
գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով,
այդպիսի ընդարձակ խորքով գրված բան գոնե ես չեմ հիշում:

Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, ղեռ ինչե՜ր
կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ
գրականության մեջ:
Հարգանք նրա հիշատակին:

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆ
ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

Կարսը մտաբերելիս՝ Չարենցի հասակակիցներս, առաջին հերթին հիշում ենք
Կարսի այգին՝ աստիճաններով, աստիճանների շարունակությամբ գլխավոր ծառուղին,
դիմացը՝ ակումբը, ծառուղու երկու կողմերից՝ նստարաններ: Ձախից հոսում էր Կարսա
գետը:
Այգին զինվորական այդ փոքրիկ քաղաքի միակ զբոսավայրն էր, սիրելի
հատկապես դպրոցականներին: Արձակուրդներին այդտեղ էինք անցկացնում օրվա մեծ
մասը, ամառը նավակ էինք նստում, շարժվում ափից ափ, ձմեռը, երբ սառչում էր գետը,
սահում էինք չմուշկներով:
1914թ. հունիսն էր. ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով,
բաց շագանակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու: Տղան
հագնված էր իր հասակին ոչ համապատասխան: Տարօրինակ էր նաև կեցվածքը:
Գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր, մեկ բռնում, մեկ գետնի
վրա ինչ-որ գծում, խզմզում: Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերը, խորաթափանց
և, ինչպես ինձ այն ժամանակ թվաց,— չար արտահայտությամբ:
Տղաներից հետաքրքրվեցի, թե ով է այդ երիտասարդը: «Բանաստեղծ է»,—
ասացին: Աղջիկները ծիծաղեցին այդ պատասխանից. «ֆուտուրիստ է»,—
բացականչելով:
Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, հետևում էի տղային և այն եզրակացությանը
եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ
ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ: Միտքս ասացի իմ ընկերներին: Նրանց
տարօրինակ թվաց այդ տարօրինակ տղայի հետ մտերմանալու առաջարկը, սկզբում
ծիծաղեցին, հետո հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընկերություն չանել ինձ հետ.
չար է տղան, և իրենք չեն պատկերացնում մտերմություն նրա հետ: Ես համառեցի, և մեր
ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին: Ձեռքս մեկնելով առաջարկեցի
նրան ծանոթներ լինել: Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց
տեղում, արժանապատվությամբ բարձրացավ, և մենք ծանոթացանք:
Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի, որ սխալված չեմ. խելոք էր երիտասարդը՝
կարդացած, զարգացած և, որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ և իմ
ընկերուհիներին, բարեհամբույր: Շուտով Եղիշեի հետ ծանոթացան նաև մեր
աղջիկներից մի քանիսը: Այնուհետև մենք միշտ միասին էինք լինում, միասին զբոսնում,
նավակ նստում, զրուցում ժամերով: Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում, մեծ
մասամբ մեր տանը:
Վերահաս պատերազմը բաժանեց բոլորիս, դպրոցները փոխադրվեցին Թիֆլիս:
Ձախողվեց ռազմաճակատ մեկնելու իմ ցանկությունը (ընկերուհիս՝ քանդակագործուհի
Այծեմնիկ Ուրարտուն սպառնաց, թե կհայտնի ծնողներրիս): Մեկնեցի Թիֆլիս, բայց
չկարողացա ստիպել ինձ շարունակելու կրթությունս, մտա հոսպիտալ աշխատելու
որպես քույր: Ամռանը վերադարձա Կարս: Չեմ հիշում որ թերթում կարդացինք Հովհ.
Թումանյանի կոչը՝ ուղղված հայ օրիորդներին. «Ով իսկական հայրենասեր է, թող գնա
Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը, որբերին»:
Առանց մտածելու մեկնեցի Էջմիածին, հենց ուղղակի շատ սիրելի Թումանյանի
մոտ. սկզբում նա համոզեց վերադառնալ և շարունակել ուսումը. «Հայրենասեր օրիորդը
կրթություն ստանալով կարող է ավելի օգտակար լինել հայրենիքին»,—ասաց նա,
նկարագրելով գաղթականների սոսկալի դրությունը Էջմիածնում: Հետո իմ
համառությանն ընդառաջելով, առաջարկեց զբաղվել որբերի խնամքով:
Շատ ժամանակ չանցած (3 ամիս աշխատելուց հետո)՝ հիվանդացա, և
Բարեգործական ընկերությունն ինձ Մոսկվայի հիվանդանոցը փոխադրեց:
Առողջանալուց հետո սկսեցի հաճախել դասընթացներ…
Ամռանը, արձակուրդներին վերադարձա Կարս: Հանդիպումներ, զրույցներ
Եղիշեի հետ, տրամադրեցի գալ Մոսկվա և սովորել:
Չարենցը Մոսկվա եկավ 1916 թ. աշնանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի
վերջերին և ընդունվեց Շանյավսկու համալսարանի պատմագրական ֆակուլտետը:
Ապրում էր մի շատ փոքր սենյակում, որտեղ կար մահճակալ, սեղան և երկու աթոռ: Շատ
պատկառելի և զգայուն տանտիրուհի ուներ, նա միշտ բողոքում էր, թե Եղիշեն օր ու
գիշեր նստած գրում է ու գրում, առանց սնվելու, ընդունելով միայն քաղցր թունդ թեյ և
ուրիշ ոչինչ: Խնդրում էր ինձ հաճախ այցելել և նրան դուրս բերել տնից:
Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը.
հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ծանրոց
ստացավ: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ
և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը. Մոսկվայում նա շատ սուղ էր
ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»:
Սակայն այդ դառն օրերին, ինչպես և հետո, Չարենցը երբեք չէր սիրում խոսք
բացել նյութականի մասին, տրտնջալ աղքատությունից: Չափազանց հպարտ էր,
արժանապատվությամբ լի, դրամ ունենալիս ծախսում էր առանց որևէ
հաշվենկատության, հետո նորից մնում առանց դրամի, խմելով շատ սիրած պարսկական
թեյը:
Փուշիներից երեքը, տարբեր գույնի, նվիրեց ինձ, ասելով, որ նվիրում է, որպեսզի
հագնեմ ես ու համոզվեմ, որ իմ աչքերը հագուստներիս համապատասխան փոխվում են,
ընդունում տարբեր երանգ, որի համար գրել ու ինձ է նվիրել «Ծիածանը»: Թերևս
աղջկական չարությամբ կամ մի այլ զգացումով, փուշիները ես նվիրեցի իմ
տանտիրուհու աղջիկներին: Շատ բարկացավ դրանից Եղիշեն, հուզվեց, վիրավորվեց:
Մոսկվայում ամենից հաճախ լինում էինք Գորկայում. ես սահնակ էի նստում կամ
սահում չմուշկներով, նա երբեք չէր ձեռնարկում անել ոչ մեկը, ոչ մյուսը, քաշվում էր մի
կողմ ու նայում:
Մինչև տպարան տանելը, «Ծիածանը» կարդաց ինձ, մի քանի հատված
առաջարկեցի հանել. լավ չեմ հիշում, բայց երեւի կատարեց իմ ցանկությունը:
Չարենցը Մոսկվայում մնաց մինչև 1917 թ. մարտ ամիսը: Մինչ այդ, փետրվարյան
հեղափոխության օրերից, մենք կորցրել էինք իրար: Ես թողել, հեռացել էի իմ
բնակարանից. առիթը իմ հրացանն էր եղել, որ սարսափի մեջ էր գցել տանտիրուհուս:
Հանդիպեցինք Չարենցի հետ պատահաբար, երբ փողոցում որպես միլիցիոներ ես կարգ
էի պահպանում: Եղիշեն խնդրեց ինձ գնալ տուն, պատմեց, որ շատ է անհանգստացած
իմ տանտիրուհին. խիղճը տանջում է, որ ինձ փողոցում է թողել, և ես, ով գիտե, գուցե
տրորվել եմ ոտքերի տակ: Նույն օրն էլ հայտնեց, որ ինքը մեկնում է Կարս. «Գնա՛նք,
այնտեղ շատ գործ կլինի անելու». ասաց, թե ինչ-որ գրականություն է տանում իր հետ:
Գնացի կայարան՝ ճանապարհելու. նա կարդաց «Հեռացումի խոսքեր»
բանաստեղծությունը: Շատ հուզված էր, շատ զգացված, ասում էր, որ ոչ ոք չունի ինքը, և
ես մայրն եմ նրա, նրա քույրը, ամեն ինչ: Հանձնարարեց ինձ կարդալ և հասկանալ, որ
ցարի տապալումը դեռ ոչինչ չի նշանակում, որ շատ բան կա դեռևս անելու:
Մեկ ամիս հետո Կարս վերադարձա նաև ես, չկարողանալով մասնակցել
քննություններին: Չարենցը Կարսում Տաճատ Ալեքսանյանի հետ միասին մտադիր էր
հրատարակել գրական ամսագիր, եթե չեմ սխալվում՝ «Կարմիր աստղ» խորագրով:
Ամսագրի համար հանձնարարվեց ինձ ռուսերենից թարգմանել, եթե հիշողությունս չի
դավաճանում՝ Գարշինի «Крацный цветок» պատմվածքը: Չգիտեմ ինչ ընթացք ստացավ
նրա այդ մտադրությունը հետագայում։ Գաղթականներին օգնելու նպատակով մեկնեցի
շրջակա գյուղերը, իսկ հետո սկսվեց գաղթը:
Չարենցին հանդիպեցի միայն 1919 թ. ամռանը, նորից Կարսում և շատ վատ
վիճակում: Նա մի կերպ հաջողացրել էր ուսուցչության պաշտոն ստանձնել շրջակա մի
գյուղում: Ինձ հաջողվեց մի զույգ կոշիկ գնել նրան, քույրս կոշկակապ գործեց: Հորս
նախատինքի տակ («Մտավորականը այս օրերին իրավունք չունի թափթփված լինել,
պետք է կարգին երևալ ժողովրդի մեջ»), Եղիշեն սկսեց կարգի բերել իրեն:
Մինչ նա կմեկներ գյուղ, ես ճանապարհվեցի Երևան, մտադիր էի ուսանել
մանկավարժական երկամյա դասընթացներում:
1919 թ. աշնանը անցնում եմ ներկայիս Աբովյանով և կարդում եմ մի
հայտարարություն՝ գրական մի դասախոսության վերաբերյալ: Այդ օրերին ես ապրում
էի Շավարշի տանը: Նա մանկուց որբացել էր, և հայրս որդեգրել էր նրան:
Դասախոսության գնացինք ահա այդ նույն Շավարշի հետ: «Չգիտեմ կենդանի՜ է
գրողը, թե մեռած,— ավելացրեց զեկուցողը,— բայց նրա երկերից ելնելով կարելի է ասել,
որ բանաստեղծը պետք է, որ բոլորած լինի 40 տարին»:
Ես լուռ լսում էի, հետո, երբ ավարտվեց դասախոսությունը, բարձրացա բեմ և
հայտնեցի, որ բանաստեղծը ընդամենը 21 տարեկան է և որ ուսուցչություն է անում
Կարսի մոտակա գյուղերից մեկում: Առաջարկեցին Չարենցին կանչել Երևան:
Հետևյալ օրը հեռագրեցի, մոտավորապես այս բովանդակությամբ. «Եղիշե՛,
բախտդ բացվել է, շտապ մեկնիր Երևան»:
Այդ օրերին ես արդեն աշխատում էի որբանոցում և հաճախում մանկավարժական
դասընթացներ, որտեղ մտերմացել էի Արփենիկ Տեր-Աստվածատրյանի (Չարենցի) հետ:
Արփիկը նուրբ դիմագծեր ուներ, ազնիվ և անմեղ հայացք: Ծանոթացրեցի նրան
Չարենցի հետ. ճաշակս արժանացավ Եղիշեի հավանությանը:
Նույն ժամանակներում հիվանդացան իմ աչքերը, պետք էր մեկնել Թիֆլիս
բուժվելու: Եղիշեն էլ հորից նամակ ստացավ. հայրը հայտնում էր, թե ինքը թողնում է
Թիֆլիսի իր տունը՝ կահ-կարասիներով, պահանջում էր տիրություն անել:
Մեկնեցինք միասին, հայրը թողել էր միայն այն, ինչ հնարավոր չէր եղել վերցնել
հետը կամ իրացնել. սեղան, մահճակալ, աթոռներ:
Թիֆլիսում մեզ հետ էր նաև Կարսի մեր ընկերներից Վռամ Ղազանչյանը: Մի
քանի օրից ես վերադարձա Երևան, նրանք մնացին: Հետո ես լսեցի, որ նա իրերը
համարյա ամբողջությամբ թողել էր տանտիրուհուն:
1920թ. սեպտեմբերին էր, թե հոկտեմբերին, Եղիշեն, կարծեմ, արդեն վաղուց խզել
էր կապերը այն մարդկանց հետ, որոնցից դրամ էր ստանում: Մեկ օր ահա գալիս է նա
որբանոց իր ողջ գրականությունը հավաքած. «Կարինե՛, խնդրում եմ պահիր սրանք, ինձ
հետևում են»: Նույն օրերին որբանոցում ես թաքցնում էի նաև մեկ ուրիշի: Որբանոցում
էր աշխատում նաև Պողոս Ղուկասյանը, նրանք երկուսով հաճախում էին ժողովների…
Չանցած մի քանի օր, կանչում են ինձ Օֆիս (Ամերկոմի գրասենյակ), պահանջում
են ներկայանալ դոկտոր Ռուբենին՝ դաշնակցության կոմիտեի քարտուղարին: Ես այդ
գրասենյակի հետ առնչություն չունեի, որպես որբանոցի բժշկական մասի վարիչ
ենթարկվում էի բժշկական բաժնին: Դա կասկածանքի մեջ է գցում ինձ և զգուշության
համար Չարենցի կապոցը հանձնում եմ մայրապետներից մեկին:
Դոկտոր Ռուբենը ընդունում է սառը և ապա սկսում գոռգոռալ. «Բոլշևիկյան որջ
ես դարձրել որբանոցը. Չարե՛նց, ինչ-որ աղջիկ…»:
Ստիպված Երևանից մեկնում եմ Կարս, տուն: Բայց մնում եմ Ալեքպոլում,
ճանապարհը փակ է… Հետո, չգիտեմ ինչպես, նորից ընկնում եմ Երևան, ճիշտ այն
օրերին, երբ բոլշևիկները մտել էին քաղաքը: Պետթատրոնի առջև կանգնած լսում եմ
երկու բառ՝ «поэт Чаренц». շրջվում եմ՝ մաուզերը կողքին, սպառազեն կանգնած է
Եղիշեն: Մոտենում է, խնդրում ուղեկցել իրեն Արփենիկենց տուն՝ ամուսնանալու
մտադրությամբ: Գնում ենք. Տանտիրուհին ինձ ասում է, որ Արփիկը պատուհանից
նկատելով մեզ, գնացել է տնից: Եղիշեն բարկանում է, աղմկում:
Մի քանի օր հետո նորից եմ հանդիպում Եղիշեին:
Իսկ հետո… Հետագայում հանդիպել ենք առիթից առիթ: Հիշում եմ 1924-ին էր,
կարծեմ, Մոսկվայից մի բացիկ ստացա, Թալինում: Եղիշեն լիազորում էր ինձ ստանալ
«Խորհրդային Հայաստան» թերթից իր հոնորարը. ես, իհարկե, չստացա: Հանդիպեցի
նրան նաև արտասահմանյան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո. «Պետք է
արտագրեմ և ձեռագրով նվիրրեմ քեզ, Կարինե՛, «Ծիածանը»,— ասում էր նա: Չնվիրեց:
Թերևս չհասցրեց նվիրել, բայց միշտ էլ մնացինք բարեկամներ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ)

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․«ԿՈՄԻՏԱՍԸ ՀԱՅ Է, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ’ՆՆ Է, ԲՈԼՈՐԻ’ՆԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱ’ՆԸ»:

Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։

Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։

Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.

-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։

ԻԶԱԲԵԼԼԱ ՉԱՐԵՆՑ
<ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ>
(Տպագրվում է կրճատումներով)
1931 թվականն էր, ապրում էի Մոսկվայում. մայրս խնդրեց գալ իր մոտ՝ Երևան,
հյուր: Այդ ժամանակ ես քսանմեկ տարեկան էի, հավաքվեցի, եկա Երևան։ Իհարկե, հին
քաղաքն այնպիսին չէր, ինչպիսին է այժմ. հյուղակներ էին, փոքրիկ տնակներ: Գտա
մորս: Խորթ հայրս աշխատում էր տպարանում` որպես գրաշար:
Այդպես մի երկու շաբաթ նստած էի տանը: Մի օր նստած գիրք էի կարդում, երբ
եկավ երիտասարդ նկարիչ Արարատ Ղարիբյանը, եկավ ու ասաց.
—Ընկե՛ր Ավետիս Կոդաբաշյան, Չարենցը եկել է տպարան, կանչում է քեզ. շարելու են
նրա գիրքը, ուզում են Դուք ստուգեք: Հետո նայեց ինձ ու ասաց.—Իսկ այս ջահել աղջիկն
ո՞վ է:
Ասում է՝ մեր աղջիկն է, եկել է Մոսկվայից:
—Հա՞,—ասում է,—համակրելի, համեստ աղջիկ է:
Եվ այդպես նա գնում է. նորից գալիս է մի շաբաթ հետո և ասում.
—Թույլ տվեք ձեր աղջկան հրավիրել մեզ մոտ հյուր, այսօր իմ տղայի ծննդյան օրն է:
Մայրս ասում է, թե ես այստեղ դեռ ոչ ոքի չգիտեմ:
Ես էլ ասում եմ՝ ոչինչ, կգնամ, կծանոթանամ երևանցիների հետ, կտեսնեմ
Երևանը, առաջին անգամ եմ այստեղ:
Գնալով այնտեղ՝ տեսնում եմ հյուրերին նստած: Իսկ ցանցե ճոճում օրորվում է 34
տարեկան մի տղամարդ. գանգուր մազեր ուներ, շագանակագույն կոստյումով էր, նայում
էր՝ այսպես, ճակատի տակից: Արարատ Ղարիբյանն ասաց.—
—Ծանոթացե՛ք, մեր Եղիշե Չարենցն է, գրող է, մեր բանաստեղծը։
Ասում եմ՝ շատ հաճելի է, ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ
գրականություն չգիտեմ:
—Դե՛, ոչի՛նչ, մենք Ձեզ կսովորեցնենք հայ գրականությունը,—ասում է Չարենցը:
Այդպես նստում եմ, զրուցում, ժամը տասին արդեն պատրաստվում եմ գնալ։ Այդ
ժամանակ Չարենցը ելնում է ու ասում.—Թույլ տվեք Ձեզ ուղեկցել:
Ասում եմ՝ փոքր չեմ, կարող եմ ինքս գնալ:
Ասում է՝ հո միայն փոքրերին չեն ուղեկցում:
Պատասխանում եմ՝ եթե ուզում եք՝ ուղեկցեք:
Ուղեկցեց մինչև տուն:
Ճանապարհին նա հարցնում է ինձ.—Դուք գրականություն սիրո՞ւմ եք: Ես ասում
եմ՝ գրականություն սիրում եմ շատ, բայց գիտեմ միայն ռուսականը, քանի որ ամբողջ
ժամանակ բնակվել եմ Մոսկվայում: Նա սկսում է հարցուփորձ անել, թե որտեղ եմ
ապրում, այնպես որ ես նրան պատմում եմ ամեն ինչ: Հետո նա ինձ ասում է, իսկ ինչո՞ւ
եք այդպես շտապում: Ապա ասում է.—Դուք Պուշկինին սիրո՞ւմ եք:
Ես ասում եմ՝ շատ եմ սիրում Պուշկինին, Լերմոնտովին:
—Դե՛, ես հիմա Ձեզ կպատմեմ Պուշկինի մասին. Դուք կլսե՞ք:
Ասում եմ՝ մեծագույն հաճույքով: Եվ նա սկսում է պատմել Պուշկինի մասին:
Իսկ ես այսպես զարմացած նայում եմ նրան ու ասում՝ Դուք 19-րդ դարո՞ւմ եք
ապրել, ինչ է: Դուք այնպես եք պատմում Պուշկինի մասին, որ կարծես եղել եք
հարազատ եղբայրներ: Նա ծիծաղում է և ասում.—Իսկ գուցեև ապրել եմ 19-րդ դարում…
Եվ ինձ անմիջապես հետաքրքրում է պատմածը. մտածում եմ, թե ով է գրողի
մասին պատմող այս գրողը. նա ուներ ինչ-որ յուրահատուկ կախարդանք, հասկանում
եք, նա պատմում էր ինչ-որ հետաքրքիր:
Այսպես հասանք մինչև մեր տուն: Նա ինձ առաջարկեց երկրորդ օրը գնալ
«Ալմաստ» օպերան, ասում է՝ Ձեզ կծանոթացնեմ մեր օպերայի հետ:
Երկրորդ օրը նրա հետ գնում ենք օպերա: Օպերայում նա ինձ պատմում է
«Ալմաստի», նրա նշանակության մասին: Շատ գոհ ենք մնում, ապա վերադառնում ենք
տուն:
Դե՛, այսպես մենք ամեն օր հանդիպում էինք Շահումյանի հուշարձանի մոտ: Եվ
ահա՛, մի օր նա սկսում է ինձ ասել.—Դուք համեստ, լավ աղջիկ եք, ես ուզում եմ
ընտանիք ունենալ, քանի որ իմ առաջին կինը վախճանվել է 1927 թվին, նրանից հետո ես
ընտանիք չունեմ: Ես այնպես եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին,
որպիսին, ահա՛, Դուք եք: Միայն,—ասում է,—ես Ձեզ տալիս եմ երեք օր ժամանակ. այդ
երեք օրվա ընթացքում Դուք ինձ պետք է պատասխան տաք՝ այո՛, կամ՝ ո՛չ: Ես,—ասում
է,—ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ, և, ասում է,—դատարկ ժամանակ
վատնեմ:
Ես ասում եմ՝ իհարկե, Դուք գրական մարդ եք, բանաստեղծ, Դուք զբաղվում եք
պոեզիայով, այնպես որ ժամանակ չունեք ինձնով զբաղվելու, ուրեմն ես երեք օր
կմտածեմ, բայց շատ կարճ ժամանակամիջոց է: Ես չգիտեմ, ինչպես պատասխանել, բայց
կաշխատեմ:
Գալիս եմ տուն և երեք օր ամբողջ ժամանակ կրկնում՝ այո՛-ո՛չ, այո- ո՛չ, ապա
ասում եմ վերջին խոսքս՝ այո՛: Իմ կարծիքով նա լավ մարդ է, գրող է, հանճարեղ խելքի
տեր, չի կարող վատը լինել: Եվ ես գնում եմ նրա մոտ ու ասում՝ այո՛, ես համաձայն եմ
ամուսնանալ:
Ժպտում է, գոհ է, ասում է՝
—Վաղը ժամը 12-ին կգաս Պետհրատ, կգնանք ԶԱԳՍ:
Հաջորդ օրը ժամը 12-ին գալիս եմ Պետհրատ: Պետհրատի բոլոր աշխատողները
գիտեն, որ Չարենցն ամուսնանում է: Դա մի այնպիսի զարմանալի սյուրպրիզ էր. ինչ-որ
տեղից եկել էր մի աղջիկ և կարողացել այդքան արագ ամուսնանալ նրա հետ:
Պետհրատից որպես վկա վերցնում ենք Մակինցին և մեկ ուրիշի, գնում ԶԱԳՍ:
Գրանցվում ենք ու գալիս հյուրանոց: 1931 թ. սեպտեմբերի 29-ն էր, երբ ԶԱԳՍ-ից դուրս
եկանք, ես թեթև զգեստով էի, բարակ անձրև էր մաղում:
—Ինչո՞ւ ես այդպես դուրս եկել,—ասաց,—և իր պլաշչը գցեց ինձ վրա. բարձրացրեց,
նստեցրեց մեքենա, և մենք եկանք տուն, մորս մոտ:—Երեկոյան հայրիկի և մայրիկի հետ
եկեք մեզ մոտ հյուրանոց, սեղանները բացված կլինեն, կլինեն իմ ընկերները՝ կանանց
հետ, կլինի ոչ թե հարսանիք, այլ՝ երեկո:
Երեկոյան ժամը 8-ին հորս ու մորս հետ եկանք հյուրանոց, այժմյան «Երևան»
հյուրանոցը, որտեղ ապրում էր նա: Այնտեղ էին Մակինցը՝ կնոջ հետ, Մարուսյա
Դուրգարովան, Կարո Հալաբյանը, կինը, Միշա Մազմանյանը, կինը: Սեղաններն արդեն
բացված էին, լի էին ծաղկեփնջերով: Ուրախանում ենք, գրկախառնվում, համբուրվում,
պարզապես երեխայի նման: Այդ երեկոյին Շարա Տալյանն էր երգում, իմ հարսանիքին:
Ապա մեզ ուղեկցում են տուն:


Դրանից մոտ երկու ամիս հետո գնացինք Մոսկվա, ամեն տեսակի շատ գնումներ
արեցինք, հագուստ, ամեն ինչ. դա արդեն 1932-ին էր, երբ առաջին անգամ միասին
եղանք Մոսկվայում. գնեցինք մանկական իրեր, և 32 թվականին արդեն ծնվեց մեր
աղջիկը: Նա անչափ ուրախացավ. ասում էր.—Իզաբելլա՛, ես ամենաերջանիկ մարդը
կլինեմ աշխարհում, եթե դու ինձ աղջիկ նվիրես: Ասում էր՝ գիտես ինչի համար, ես
ուզում եմ նրան տալ Արփիկի անունը՝ հիշատակի համար:
Աղջիկ էլ ունեցա, որին անչափ սիրում էր: Նա միշտ գիշերներն էր աշխատում,
մեկ-մեկ քնած երեխաներին վերցնում էր գիրկը, գրկում էր, համբուրում անընդհատ. ես
ջղայնանում էի, ասում էի՝ երեխան կարթնանա: Ասում էր.—Իզաբելլա՛, մի ջղայնանա,
թող կարոտս առնեմ: Նա միշտ կրկնում էր այդ խոսքերը, թե՝ անընդհատ ուզում եմ քե՛զ
էլ համբուրեմ, երեխաներին է՛լ համբուրեմ, կարոտս չեմ կարողանում հագեցնել:
Որպես ամուսին շատ ընտանիքասեր էր, ոչ մի բան չէր խնայում, շատ բարի էր նա
ընտանիքի հանդեպ, գորովալից:
Երբ մենք ամուսնացանք, առաջին տարիներին գալիս էր Ակսել Բակունցը,
հուզված խոսում էին: Ակսելը այնպես գրգռված էր լինում, Չարենցը ավելի զուսպ էր,
Ակսելին հանգստացնում էր. ասում էր՝ Ակսել, դու ճիշտ չես, դու այդպես մի ասա. նա չէր
հասկանում Չարենցին, էլի իր ասածն էր ասում. սենյակում քայլում էր հուզված, ջղային,
խոսում էր բարձր-բարձր։ Բայց Չարենցը նրան սիրում էր շատ: Եվ տարիները մի տեսակ
քննություն եղան նրա համար:
Գալիս էին Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Նորենցն էր գալիս, Արտեմի
Եղիազարյանը, դե՛, ամենամոտիկ ընկերներից էր Ներսիկ Ստեփանյանը, Միշա
Մազմանյանը։ Ավետիք Իսահակյանը, երբ արտասահմանից եկավ, ամեն օր մեզ մոտ էր,
ինքն էլ գնում էր նրանց մոտ։ Խանջյանն էր գալիս:
1932թ., երեխայից հետո, նա սկսեց գրել «Գիրք ճանապարհին»: Խանջյանը «Գիրք
ճանապարհին» շատ հավանեց և սկսեց Չարենցին շատ սիրել: Երբ տխուր կամ հիվանդ
էր լինում, Չարենցին կանչում էր իր մոտ, ասում էր վերցրու «Գիրք ճանապարհին», եկ
ինձ մոտ ու մի քանի բան կարդա քո գրքից: Եվ նա գնում էր ու կարդում:
Գալիս էր Կոջոյանը. այնքան հանգիստ մարդ էր։ Երբ Չարենցը «Գիրք
ճանապարհին» գրեց, ասում էր՝
—Իմ գրքի համար դու գրավյուրներ պետք է անես:
Կոջոյանը էսքիզները բերում ցույց էր տալիս Չարենցին։ Չարենցն ասում էր.
—Ա՛յ տղա, էստեղ մի քիչ էսպես չես արել:
Չէր մերժում, նորից էր գրավյուրներ անում ու բերում: Գրավյուրները փայտերի
վրա էր անում, միայն թե մերժած չլիներ Չարենցին: Եվ Չարենցը շատ հավանում էր նրա
գործերը: Նա շատ մեծ նկարիչ էր, և Չարենցը նրան հարգում էր որպես մեծ նկարչի:
Միշտ ասում էր՝ դու պիտի իմ գրքի նկարներն անես, քեզնից բացի՝ ոչ ոք: Եվ նա ևս շատ
հաճախ էր մեզ մոտ գալիս:
Բոլորը հարգում էին նրան: Նա շատ լավն էր եւ իբրև մարդ, ես սիրում էի նրան, և
Չարենցն էլ հարգում ու սիրում էր նրան:
Մարտիրոս Սարյանի հետ նա ինձնից առաջ էր ծանոթ, առաջին կնոջ
ժամանակից, բայց իմ ժամանակ ևս նա գալիս էր մեզ մոտ:
Գ. Ազնավուրյան—Հիշո՞ւմ եք, նկարվել եք՝ Դուք, Մազմանյանը, Սարյանը,
Չարենցը:
Հա, այն ժամանակ ես հիվանդանոցից նոր էի տուն եկել՝ երեխայից հետո. իմացել
էին, որ Չարենցն ինձ տուն է բերել, Մազմանյանը, Սարյանը, ուրիշ շատերը եկան:
Չարենցը շատ էր ուրախացել, որ հայր է դարձել: Հիշում եմ, երբ մենք հյուրանոց պետք է
գայինք, ինքը վերցրեց երեխային, փաթաթեց ու առաջ ընկավ: Բերելով տուն՝ դրեց
մահճակալին, հետո դուրս եկավ, գնաց:
Մեկ էլ տեսնեմ՝ երկու զուռնաչի, որ կային, է՛,—նրանց բերեց ու ասաց, որ նվագեն
«Արևուդ մեռնիմ, յար ջան…»: Հյուրանոցով մեկ այնպիսի գոռգոռոց էր ընկել: Հետո ինձ
թողեց մենակ, գնաց. էն որ փողոցում ծաղիկներ էր ծախում, նրանից երկու զամբյուղ
ծաղիկ ձեռքն առած, զուռնաչիներին էլ ասում է.—Դուք էլ իմ հետևից եկեք,—երկու
զամբյուղն էլ լիքը վարդեր, սպիտակ ծաղիկներ, բերեց տուն, դրեց երեխայի մահճակալի
կողքերին: Ես նեղանում եմ, ասելով, թե միայն մեռելի կողքին են ծաղիկներ դնում:
հակառակո
—Չէ՛,—ասում է,—դա իմ ուրախությունն է:
Ծաղիկները դնելուց հետո հարցրեց, թե ինչքան պետք է վճարի երկու զամբյուղին,
նրանք ասացին այսքան, վճարեց, գնացին…


Գրողների համագումարին Չարենցը ինձ և երեխային վերցրեց հետը. աղջիկս
երկու տարեկան էր, և մենք գնացինք Մոսկվա: Իջանք ճարտարապետ Կարո Հալաբյանի
տանը, որը շատ էր սիրում Չարենցին: Չարենցն էլ շատ էր սիրում Կարոյին,
Վիկտորիային նույնպես, որը միաժամանակ շատ գնահատում էր Չարենցին. մոտիկ
ընկերներ էին:
Նա ասաց, թե դուք պետք է մնաք մեր տանը, շատ կնեղանամ, եթե գնաք
հյուրանոց, լավ եք արել, որ եկել եք մեր տուն: Լավ հարմարություններ ուներ:
Հետո Չարենցը 15 օր գնում էր համագումարի: Երբ համագումարից տուն էր
գալիս, նստում խոսում էր ինձ, Կարոյի ու Վիկտորիայի հետ, այստեղ էլ քնում էր:
Պատմում էր, թե ինչպես է անցնում համագումարը, ինչ են խորում-ասում
համագումարում: Կարո Հալաբյանը հետաքրքրությամբ լսում էր: Ասում էր՝—Կարո՛,
տեսնում ես, համագումարում կան չորս ճանաչված բանաստեղծ, Սովետական
Միության մեծ գրողներ, որոնց չի կարելի շրջանացել: Շնորհավորե՛ք ինձ,— ասում էր:
Կարո Հալաբյանը հարցնում է, թե —Իսկ ովքե՞ր են մյուսները։
—Պոնոմարչո՛ւկ(՞—խմբ.), Ալեքսեյ Տոլստո՛յ, հետո Չարենց… (Չորրորդին մոռացել եմ, էլի
շատ ճանաչված էր):
—Շատ երիտասարդություն կար, և ես խոսեցի գրականության մասին, և՛ հայ, և՛ ռուս,
անգամ խոսել եմ այն մասին, թե ինչ վրիպումներ կան ռուս գրականության մեջ, բոլորը
շատ հավանել էին: Համարյա մեկ ժամ խոսել եմ: Դրանից հետո, երբ համագումարն
ավարտվեց, բանկետ արեցին: Չարենցն ասում է.
—Դե՛ հագնվիր, գնանք. ինչո՞ւ չես ուզում, բանկետում մի փոքր կհանգստանաս:
Եվ այդպես Չարենցի հետ հագնվեցինք, գնացինք: Երեխան մնաց Վիկտորիայի
մոտ, մենք գնացինք բանկետի:
Բանկետում նա ինձ ծանոթացնում էր գրողների հետ. ասում էր, ահա՛, սա
Վլադիմիր Լուգովսկոյն է, սա՛ Իլյա Էրենբուրգը, ա՛յ, այն սեղանին Մաքսիմ Գորկին է
նստած, գնանք քեզ ծանոթացնեմ:
Ես շատ ուրախացա: Երբ մոտեցանք, տեսա բարձր հասակով, բեղերով… երեսը
կարմիր, առողջ մարդու տեսք ուներ, վերնաշապիկն էլ երկնագույն էր:
—Ծանոթացե՛ք,—ասում է Չարենցը,—Մաքսիմ Գորկի, իսկ սա՝ իմ կինն է:
—Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք։
Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը՝ ջահել, սիրուն կին էր.
սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում:
Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ, ընթրիքի: Նա
ասաց, որ նրանց մեջ նաև Չարենցն է:
Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորիային,
թե Գորկին ցուցակ կազմեց, «ես էլ ընկա մեջը»։ Ասում է՝—Վաղը հրավիրում է իր մոտ:
Դե՛ լավ է,—ասում է Վիկտորիան,—Իզաբելլային էլ կտանես:
Ասում է.
—Չէ՛, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է:
Եվ գնաց մենակ. հետո վերադարձավ, այսպես ժամը 9-ը կլիներ։ Եկավ խոսեց ինձ
հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է.
—Վիկտորիա՛, ա՛ռ, նայիր, տես ի՞նչ տուփ է:
Վիկտորիան ասում է՝ ծխախոտի տուփ է:
—Չէ՛,—ասում է,—Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա՛, թե ինչ եմ գրել: Ընթրիքի
ժամանակ,—ասում է,—Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ
հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց՝ «Вот
Наири, Страна Наири»,— ասում է՝ «Вот сидит Цтрана Наири»: …Հետո,—ասում է,—երբ
վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրեցի, ամիս ամսաթվով գրեցի,
որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել…


Ամառ էր, շոգ էր, 1937 թիվն էր, Չարենցն ասաց՝ արի քեզ երեխաների հետ
ուղարկեմ Դարաչիչակ, այնտեղ հով է, լավ կլինի: Ինձ երկու երեխայի հետո մեքենա
նստեցրեց, տարավ, վերևի հարկում մի սենյակ վերցրեց, գրողների հանգստյան տունն
էր: Մի լավ սենյակ տվեցին, ես երեխաներով մեկ ամիս այնտեղ ապրեցի, Չարենցը
վերադարձավ Երևան:
Չեմ հիշում ով էր, եկավ ասաց, որ դուք պետք է արդեն այս սենյակն ազատեք:
Ասում եմ՝ ինչո՞ւ: Ասում է մեկ ամիս ապրել ես՝ բավական է, հիմա պետք է ուրիշներն
ապրեն: Ասում եմ՝ բա ես ուր գնամ, սպասեցեք մի քանի օր, Չարենցին հայտնեմ, գա մեզ
տանի Երևան: Չսպասեց: Առավոտյան մարդ գտա, խնդրեցի, որպեսզի հայտնեն
Չարենցին, թե ինչ դրության մեջ եմ Դարաչիչակում:
Չարենցը եկավ Դարաչիչակ, շատ հուզված էր. տեսավ մեր դրությունը՝ երեխաները, ես
ընկած պատշգամբի վերջին ծայրում: Նա ուղղակի սոսկալի հուզվեց, իրեն վատ էր
զգում, ոչինչ չասաց, գնաց մի սայլորդ վարձեց, սայլը բերեց, ասաց.—Դու բարձրացիր
սայլ, երեխաների հետ նստիր: Այդպես կամաց-կամաց հասանք մինչև Դարաչիչակի
մոտի փոքրիկ կամուրջը, այնտեղից մեքենա նստեցինք ու եկանք Երևան:
Երեւանում շոգ էր:—Արի Նորք տանեմ քեզ,—ասաց։—Երեխաների հետ տարավ
Նորք: Սենյակ վարձեցինք. երկհարկանի մեծ տուն էր, չգիտեմ ումն էր, չեմ հիշում:
Առավոտյան էր, թեյ խմեցինք, վերջացրինք, մի երեխային գրկեց, մյուսի ձեռքը բռնեց,
գնացին ջրի ափը…


…Ինձ համար հանելուկ է մնում, թե ուր կորավ Չարենցի գրասեղանը: Նրա վեց
դարակները լիքն էին. նամակներ, նկարներ, ձեռագրեր, սևագրություններ. նամակները
տարբեր էին, դասդասված էին ըստ տարբեր հանրապետությունների… Ռոմեն Ռոլան,
որին գրում էր նամակներ, նրա գիրքը ուներ՝ վերջինը, երբ նա եկել էր Հայաստան
(Մոսկվա—խմբ.) …Հետո ռուս գրողներն էին նրան նամակներ գրում, ինքն էլ
պատասխանում էր: Տերյանի նամակները՝ Չարեցին (Շփոթում է. Տերյանի ձեռագրերը,
որոնք արդեն Չարենցը վերադարձրել էր թանգարան—խմբ.): Այդ բոլորը պահում էր
գրասեղանի դարակներում:
Գ. Ազնավուրյան—Իսկ ե՞րբ թանգարան հանձնեց Մայակովսկու բյուստը:
—Երբ ես ամուսնացա, Մայակովսկու բյուստը դրված էր դաշնամուրի կողքին, դրա ևր
գրասեղանի միջև: Գրասեղանի վրա Մայակովսկու գիրքն էր՝ բաց. ես վախենում էի
բյուստից, թվում էր աչքերը շարժվում են, շատ էի վախենում: Երբ Չարենցը տուն եկավ,
ասացի:
—Վաղուց պիտի ասած լինեիր, ինչո՞ւ ես քեզ այդքան մաշել, կհանձնեմ թանգարան:
Եվ նա Արփիկի դիմակն ու Մայակովսկու բյուստը հանձնեց թանգարան. դա 1932 թվականին էր:

Գրականություն 8

Եղիշե Չարենց. Քամին

ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:

Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:

Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկաթաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճիչով.-

Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

Առաջադրանքներ:
1. Ընդգծիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամուն:
2. Ընդգծիր այն հատվածները, որոնք նկարագրում են քամուն:

3. Ինչպե՞ս է հեղինակը ներկայացնում փողոցը, քաղաքը, ծառերը:
Հեղինակը փողոցը ներկայացնում է ձանձրալի, աշնան անձրևների նման։ Քաղաքները՝ գորշ ու մութ, ծառերը՝ ծեր, հիվանդ, ծուռ ու չոր։

4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
Բանաստեղծության մեծ արտահայտված է տխուր, մռայլ տրամադրություն։

5. Ի՞նչ համեմատություններ է գործածել հեղինակը, առանձնացրու դրանք:
Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:


Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման


Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման


Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ․



Գրականություն 8

Բանաստեղծություններ

ԾԻԱԾԱՆԸ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

Գրականություն 8

Չարենցյան օրեր

Նախագծի ժամկետը՝
Մարտի 1-15-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանների սովորողներ

Նպատակը`

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները`

  • Չարենցի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում

Աշխատանքի իրականացման քայլերը

  • քննարկում սովորողների հետ
  • ընթերցումներ, այդ թվում` բերանացի
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • չարենցյան ընթերցումներ Փոքր դահլիճում
  • ֆիլմերի դիտում, հուշերի ընթերցումներ
  • տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք Ծիածան շարքը
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը, ընտանեկան ընթերցումներ
  • Չարենցի կերպարը հայ արվեստում

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների պատումներն իրենց բլոգներում
  • հավաքված նյութի մշակում-հրապարակում

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը

«Ծիածան» շարքը

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

1917փետրվար – Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը։ Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին։ Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»։ Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին։ Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց։ Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ։ Մեծ էր Եղիշեի ուրախությունը։ Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»։
«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

* * *

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ…

* * *

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո.

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

* * *

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

* * *

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Հայոց լեզու8, Գրականություն 8

Հաշվետվություն

Այս ամիս մենք Հայոց լեզվից և Գրականություն առարկաներից անցել ենք շատ թեմաներ։ Կատարել ենք նախագիծ, ուսումնասիրել ենք Հովհաննես Թումանյանի կենսագրությունը։ Կատարել ենք ֆլեշմոբ։ Թարգմանել ենք Արևմտահայերեն առակներ։

Հայոց լեզու
Գործնական աշխատանք
Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:
Բառարանային ֆլեշմոբ
Ենթական և նրա արտահայտությունը
Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարադասությունը
Ստորոգյալը և նրա արտահայտությունը
Գործնական աշխատանք
Հայոց լեզու
Որոշիչ

Գրականություն
Հ․Թումանյանի թարգմանություններից
Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»
Հովհաննես Թումանյան.Լոռեցի Սաքոն
Արևմտահայերեն առակներ

Գրականություն 8

Արևմտահայերեն առակներ

Մայրենի լեզվի օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր մայրենին, քանի որ այն մեր լինելիության, մեր պատմության ու միաժամանակ մեր ապագայի երաշխիքն է:
Մեր մայրենին բացառիկ է, այն մեր ինքնության կարևորագույն մասնիկն է:
Հայերենը ներշնչանքի աղբյուր է:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

                Համո Սահյան

Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով է նա առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզնից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մա­քուր հայերենով և այն փոխանցել սերունդ­ներին. «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն` որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարե­լագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես ա­նենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստաց­նենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն» (Ստ. Զոր­յան):

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Առյուծը և մարդը
Մի զորավոր առյուծ, նստել էր մի ժայռի վրա, և տեսնում են, որ գազաններ սարսափահար վազում էին։ Առյուծը հարցրեց նրանց, ինչու՞ եք փախչում և ու՞մից էիք վախենում։
-Դու էլ փախիր,-ասացին,-որովհետև մարդն է գալիս։
—Ո՞վ է մարդը,-հարցրեց առյուծը,-ի՞նչ է նրա ուժը, որ փախչում եք նրանից:
-Կգա և քեզել կվնասի,-ասացին։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնաց իր տեղում։ Եվ ահա եկավ մի հողագործ։
-Արի կռվենք,-ասաց հպարտ առյուծը։
-Շատ լավ,-ասաց մարդը,-բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն է։ Քեզ կապեմ, որ չփախնես, իսկ ես գնամ իմ զենքերը բերեմ, որ կռվենք։
Առյուծը ասաց․
Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն համաձայնեվեց կապել։ Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց. Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան


Ինչպես չափես, այնպես էլ կչափվես
Մի օր տղան բարկանում է ծեր հոր վրա, նրան տանում է անտառ, թողնում այնտեղ և վերադառնում տուն։
Տարիներ անց նա ամուսնանում է, որդի է ունենում, խնամում ու մեծացնում։ Սակայն այս տղան էլ հոր նման երախտամոռ է լինում։
Մի օր, երբ նեղված էր, հորը վերցնում է և տանում սարը։
Տղա՛ս, ինձ այստեղ թող և գնա, — ասում է հայրը:
-Ինչո՞ւ հենց այստեղ,- հարցնում է տղան։
-Ես հորս մինչև այս ծառի մոտ եմ բերել, — հառաչելով պատասխանում է հայրը :

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան


Ուխտավոր աղվեսը
Մի օր աղվեսը ասաց Աքլորին։
-Ինչ գեղեցիկ ու անուշես երգում։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի և անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից, քանի որ ես, մեղավորս, Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունիկ Աքլոր, խնդրում եմ ինձ տար հավանոց, որպեսզի հավերից մեղքերիս համար թողություն խնդրեմ։
Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը փափկեց և ասաց․
-Գնանք, քեզ ցույց կտամ հավանոցը։ Աղվեսը Աքլորի հետևից մտավ հավաբունը, խեղդեց բոլոր հավերին և կերավ նրանց, հետո էլ կերավ Աքլորին՝ ասելով․
— Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ սոված փորով Սուրբ Կարապետ գնալը։

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Տուր հա տուր

Մի մարդ անընդհատ աղոթում էր և Աստծուց խնդրում․
-Աստված, գոնե մեկ անգամ էլ ինձ տուր, ինչ կլինի։ Տուր որպեսզի մի քիչել ես լավ ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա գնում է Բարձրյալի մոտ և ասում․
-Տեր Աստված, ոչ ոք այդքան խնդրանքով չի աղոթել քեզ։ Մեղք է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։
-Բան չունեմ ասելու, կօգնեմ, կտամ։ Բայց բազկաթոռի վրա պառկել է և ասում է տուր, հա տուր։ Նման մեկին ինպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, մի գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի․․․։

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան


Ագահ մարդը

Ագահ ու աչքը ծակ մի մարդ Աստծուց հետևյալն է խնդրում․
-Տեր Աստուած, այնպես արա, որ ինչ որ բանի դիպչեմ՝ ոսկի դառնա։
Աստուածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակ է վերցնում, որ հացը կտրի սակայն ոչ միայն դանակն է ոսկի դառնում, այլ նաև հացը։
Սարսափահար գնում է ջուր խմելու, բայց բաժակի հետ ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի որ դիպչում է, ոսկու է վերածվում։
-Վա՜յ, Աստված, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չեմ ուզում, էլ ոսկի չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես։ Աստված ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չարձագանքեց, և նա ոսկու մեջ թաղված՝ այնքան սոված-ծարավ մնաց, որ մի քանի օրից մահացավ։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մկների ժողովը

Մի անգամ մկները ժողով են անում՝ քննարկելու, թե ի՞նչ անեն կատվի հարձակումներից զգուշանալու համար։
-Եկեք կատվի վզին զանգ կախենք: Երբ կատուն մոտենա, զանգակի ձայնը կլսենք ու կփախչենք,- ասում է մի մուկ։
«Ինչ հրաշալի բան մտածեցինք», — ասում են մկները:
Մեկ ուրիշ մուկ ասում է․
—Հրաշալին հրաշալի է, բայց թող առաջ գա այն մուկը, ով կարող է զանգակը տանել ու կատվ վզից կախել։
Բոլորն իրար նայեցին և քար լռություն տիրեց։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ

Երեք հարուստներ վիճում են, և վեճը հարթելու համար գնում են Խիկար Իմաստունի մոտ։
-Մենք եկել ենք պարզելու, թե մեզնից ով է հարուստը։
-Դու խոսիր, — դիմում է իմաստունը առաջին մարդուն:
-Ես ոսկու ու արծաթի, տների ու տեղերի, ունեցվածքի, արտի և դաշտի տեր եմ։
Իմ հարստությանը չափ ու սահման չկա։
-Հիմա դու խոսիր,- դիմում է երկրորդին։
-Թեև ես թագավորի զորապետն ե,, բայց նրանից երեք անգամ ավելի հարուստ եմ։
-Դու ի՞նչ կասես,- դիմում է իմաստունը երրորդին.
-Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ արտ ու
դաշտ. Ես գիտուն մարդ եմ, ինչ ունեմ, չունեմ, իմ գլխում է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունն ասում է.
-Ձեզանից ամենահարուստը գիտունն է, նրա հարստությունը մնայուն ​​է և
անսահման, և ոչ ոք չի կարող այն խլել նրանից…

Առաջադրանք:
Կարդալ և փոխադրել արևմտահայերեն:

Գրականություն 8

Հովհաննես Թումանյան.Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

   Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

   Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

   Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II

   Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III

   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

   Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․

IV

   Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V

   Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
      Ականջ դըրավ նա․․․

VI

― Ո՞վ հող թափեց բուխարակից․
Էն ո՞վ նայեց լուսածակից․․․
Էս ո՞վ կտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
          Ձեն — ձուն չկա։

   Միայն ահավոր լըռության միջում

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
   Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
   Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI

   Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
   Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

Գրականություն 8

Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում,  մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
1910թվական:

1․ Վերլուծել հոդվածը։
Մեծ Լոռեցին այս հոդվածը գրել է մոտ 100 տարի առաջ՝ նկատի ունենալով երկրի խնդիրները: Թումանյանի այս հոդվածում ասվում է նրա մասին, թե մարդիկ ինչքան նախանձ են և չարացած կյանքի և միմյանց նկատմամբ։ Հոդվածում նա ներկայացնում է իր խորը ցավը մարդկանց հանդեպ։ Հարևան, բարեկամ, ծանոթ ու անծանոթ՝ նկատելով մեկը մյուսի հաջողությունը, սկսում են նախանձել ու խանգարել և դա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Թումանյանի կոչն է, որ յուրաքանչյուրը առաջին հերթին բուժի իր ներսի գազանին։ Այո, շատ մեծ ցավ է ընկալել, որ դա մեր իրականությունն է։ Թումանյանի հոդվածը արդիկան է։

Գրականություն 8

Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․ԲՐՈՈՒՆ  ԱՐԾԻՎԸ

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։

Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։   Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ  մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի  ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Սեզերում-Հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։
Ճողփյուն-Ձկան վայրկենապես երևալը
Սրաթռիչ-արագ թռչող, արագաթռիչ, սրաթև: Սրաթռիչ արծիվ:
Թոկ-պարան, լար
Ծղրտալ-ճչալ
Օրհասական-շատ դժվարին, ծայրահեղորեն ծանր:

2 . Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը:

3.Համաձա՞յն  ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: Հիմնավորիր պատասխանդ:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ամբողջ աշխարհի տիրակալը մարդն է և առաջնորդվում է իր խելքով, որը բացակայում է մնացած բոլոր կենդանական աշխարհի մոտ։

Գրականություն 8

Թումանյանական օրեր

Նախագծի ժամկետը` փետրվար-մարտ
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ արձակագիր. հեքիաթներն ու պատմվածքները
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ.
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը

Ընթերցումներ

Ինքնակենսագրություն
Թումանյանի սիրտը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում
Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի բանաստեղծությունները
Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից

Սովորողները ընտրում են աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում են նախագծային առաջադրանքը: Աշխատանքի արդյունքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութերի, տեսանյութերի պատրաստում, ուսումնասիրություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, լուսաբանումներ:
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում:
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում:
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում: